Առողջական առեղծվածային իրավիճակ երեխաների մոտ` կորոնավիրուսով վարակվելուց հետո.

Աստիճանաբար աճում է այն երեխաների թիվը, որոնց մոտ նկատվում է առողջական առեղծվածային իրավիճակ` կովիդ 19 հիվանդությամբ վարակվելուց հետո: Այն անվանում են մանկական բազմահամակարգ բորբոքային ախտանիշ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Բժիշկներն ուսումնասիրել են առնվազն 150 երեխաների: Նման ախտանիշներով երեխաներ են գրանցվել Նյու Յորքում ու ԱՄՆ-ի 17 այլ նահանգներում:
Նշված երեխաների մոտ ի հայտ են գալիս կայուն բարձր ջերմություն, երիկամների ու սրտի բորբոքում ու վատ աշխատանք: Բորբոքվում են արյան անոթները, կարմրում` աչքերը, մուգ կարմիր գույն ստանում լեզուն, ճաքում են շուրթերը:

Ինչպես որոշ մասնագետներ են ասում, այս ախտանիշն ուղղակիորեն կապված չէ կորոնավիրուսի հետ: Այս խտանիշներն ունեցող ոչ բոլոր երեխաների մոտ է կորոնավիրուսը հաստատվել: Սակայն Եվրոպայից ու ԱՄՆ-ից ստացված տեղեկությունների համաձայն, կապը կորոնավիրուսի հետ գրեթե հաստատված է:

Ուսումնասիրությանը մասնակցած բժիշկներն ասսում են, թե սա կորոնավիրուսի դեմ երեխայի իմունային համակարգի ուշ արձագանքն է: Եվ քանի դեռ կովիդ 19 հիվանդությունը շարունակում է տարածվել, ավելի մեծաթիվ երեխաների մոտ կարող են նկատվել այս ախտանիշները:

Երեխաների մեծ մասն այս ախտանիշները ծանր չեն տանում, շատերը նույնիսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժման կարիք չեն ունենում: Սակայն փաստն այն է, որ այս ախտանիշների հետեւնքով կան նաեւ մահացության դեպքեր երեխաների շրջանում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ուղեցույց է նախապատրաստում բժիշկների համար: Նույն աշխատանքով է զբաղված նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մեծ Բրիտանիայում, որտեղ 100 երեխաների մոտ են հայտնաբերել մանկական բազմահամակարգ բորբոքային ախտանիշներ, բժիշկներն այն նկարագրում են որպես կավասակի անվանումը կրող հիվանդության մի ճյուղ: Այս հիվանդությամբ հիվանդանում են հիմնականում մինչեւ հինգ տարեկան երեխաները: Սակայն այս նոր համախտանիշը հանդիպում է նաեւ ավելի բարձր տարիք ունեցող, մինչեւ 16 տարեկան երեխաների մոտ:

Հիվանդությունն ամենածանրը տանում են միջին հաշվով յոթ տարեկանները, որոնց մոտ ի հայտ են գալիս սրտի անբավարար աշխատանք եւ թունավոր ցնցումների համախտանիշ: Հիվանդությունն առաջ է գալիս կորոնավիրուսով վարակվելուց մինչեւ վեց շաբաթ հետո:

ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների գիտնականներն այժմ սկսել են մանկական այս համախտանիշի ուսումնասիրության լուրջ աշխատանքներ:

Նյութի աղբյուրը՝ Medianews.site

(Visited 7 322 times, 1 visits today)