«Եդինայա Ռոսիա»-ի հրավերով Մոսկվա գնացող Քոչարյանը կիսո՞ւմ է այդ կուսակցության երկրորդ համարի՝ Շոյգուի ասածը Ղարաբաղի հետ կապված

1-in.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝

երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը․«Սիրով ընդունել ենք հրավերը, և արդեն գալիք շաբաթվա վերջին Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»։

Միկոյանը վստահեցրել է, որ այդ հանդիպումների անցկացումը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու քաղաքական միավորների միջև կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով «Հայաստան» դաշինքի և «Եդինայա Ռոսիա» Ռոսիայի միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր, այնպիսին ինչպիսին ՌԴ իշխանական կուսակցության հետ ուներ <<Բարգավաճ Հայաստանը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը տվյալ համագործակցությանը բացասական է վերաբերում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետը հիշեցրեց «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակի երկրորդ համարում ընդգրկված Շոյգուի խոսքերն առ այն, որ Թուրքիան ու Ռուսաստանը Ղարաբաղում հաջող օպերացիա են իրականացրել ու հարցրեց․«Քոչարյանը համաձա՞յն է Շոյգուի հետ»։

Լևոն Շիրինյանը նաև նշում է, որ արժեհամակարգային իմաստով «Հայաստան» դաշինքն ու «Եդինայա Ռոսիան» իրար շատ մոտ են և այս համագործակցության մեջ զարմանալի որևէ բան չկա․«Ուզում եմ շեշտել, որ ո՛չ հայաստանյան իշխանությունները և ոչ էլ այսպես կոչված ընդդիմությունը չպետք է հույս ունենան, որ Ռուսաստանն իրենց հետ է, Մոսկվան միայն կոնֆլիկտի, մեր հասարակության պառակտման հետ է»։

Շիրինյանը հայաստանյան կուսակցություններին առաջարկում է նմանատիպ հուշագրեր ստորագրել եվրոպական կամ ամերիկյան կուսակցությունների հետ․«Օրինակ՝ ԱՄՆ Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցության հետ։ Մեր կուսակցությունն այժմ կայացման փուլում է, այլապես մեծ սիրով նման հուշագիր կստորագրեինք Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հետ։ Իսկ ընդհանրապես ուզում եմ մեր կուսակցություններին հիշեցնել, կողմնացույցը չորս կողմ ունի, միայն հյուսիսը չէ։ Եթե միայն մի կողմն ես օգտագործում, վաղ թե ուշ կկուրանաս»,-եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ռուսաստանն իր այս քայլով մնացած ուժերին՝ այդ թվում նաև «Պատիվ ունեմ» դաշինքին դուրս է դնում դաշնակցային հարաբերություններից․«Տարօրինակ է, մարդ, ում ՀՀ իրավապահ մարմիններն այդպիսի մեղադրանքներ են առաջադրել, «Եդինայա Ռոսիայի» հրավերով գնում է Ռուսաստան։ Այդ քայլով Մոսկվան իր վրա է վերցնում այն ենթադրյալ հանցանքները, որում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է։ Դաշնակցել՝ նշանակում է համերաշխություն հայտնել, կիսել այդ մեղադրանքները։ Ես դա շատ վտանգավոր եմ համարում»,-«Առաջին լրատվական»-ին փոխանցեց Արշակյանը։

Նյութի աղբյուր՝ 1-in.am

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: