Աղջի՛կս, դու մեծ երգչուհի ես դառնալու. ցնցեցիր հոգիս… Ու՞մ էին ուղղված Ավետիք Իսահակյանի այս խոսքերը

Աղջի՛կս, դու մեծ երգչուհի ես դառնալու. ցնցեցիր հոգիս…

Մի անգամ Ծաղկաձորում հանգստանալիս է եղել Ավետիք Իսահակյանը: Երեկոյան խարույկի շուրջ հավաքված պիոներները երգել են, ասմունքել: Այդ հավաքին ներկա է եղել նաև Օֆելյա Համբարձումյանը: Վարպետը, լսելով երիտասարդ Օֆելյա Համբարձումյանի երգի ձայնը, մոտեցել է, համբուրել նրա ճակատը` կանխատեսելով ապագան.

«Աղջի՛կս, դու մեծ երգչուհի ես դառնալու. ցնցեցիր հոգիս»:
Տասնյակ տարիներ անց, երբ Իսահակյանը հիվանդ էր, իսկ բժիշկներն էլ արգելում էին անկողնուց վեր կենալ, հանկարծ ռադիոն հայտարարում է, որ շուտով ելույթ է ունենալու Օֆելյա Համբարձումյանը: Իսահակյանը շտապ ձայն է տալիս հարսին.

-Բելլա՛, շորերս բե՛ր, պիտի հագնվեմ:

Հարսը հակադարձում է.

-Ա՜խր, հայրի՛կ, քեզ չի կարելի վեր կենալ:

Իսահակյանը պատասխանում է.

-Ա՜խ, Բելլա, հասկանու՞մ ես, որ Օֆելյա Համբարձումյանի պես երգչուհուն պառկած չպիտի լսես:
Իսահակյանը հագնվում է, նստում իր աշխատանքային սեղանի դիմաց ու մինչև վերջ լսում է համերգը: Հարսը հիշում է, որ համերգի ավարտին Իսահակյանը հուզվել էր…

Օֆելյա Համբարձումյանը առաջին կատարողը եղավ Ավետիք Իսահակյանի «Սիրեցի յարս տարան» հայտնի ստեղծագործության։

Լուսանկարում՝ վաստակավոր երգչուհի Օֆելյա Համբարձումյան, Ավետիք Իսահակյան

 

(Visited 18 times, 1 visits today)