Վերջերս տարօրինակ իրավիճակում էի հայտնվել. նստել էի դեպի Երևան գնացող երթուղային, երբ մի տղա դիմացի նստարանին մի կապոց դրեց ու վազելով հեռացավ…

Վերջերս տարօրինակ իրավիճակում էի հայտնվել. նստել էի դեպի Երևան գնացող երթուղային, երբ մի տղա դիմացի նստարանին մի կապոց դրեց ու վազելով հեռացավ…

Պիտի գնայի կողքի քաղաք՝ ընկերուհուս տուն: Կայարանում առաջին կանգառից նստեցի երթուղային, ինչպես հասկացա, վարորդը սպասում էր, որ բոլոր նստարանները զբաղեցնեն և միայն այդ ժամանակ շարժվի: Հանկարծ մի երիտասարդ մոտեցավ, դիմացի նստարանին դրեց իր սև տոպրակը և վազելով գնաց մի կողմ՝ ընթացքում գոռալով.

—Վարպետ ջան, հեսա կգամ, չգնաս:

2 րոպե լուռ էր, սակայն հետևի նստարանին միջին տարիքի մի կին գոռաց.

—Իսկ եթե նա ական է դրել և հիմա էլ փախավ: Ընկերուհի, նայեք, թե ինչ կա մեջը:

Ես էլ զարմացած հարցրեցի, թե ինչու՞ ես պայթեմ առաջինը, եթե իսկապես ական կա:

Այդ կինը չծուլացավ, մոտեցավ, ձեռքը ձգեց դեպի դիմացի նստարանը և կլորացած աչքերով նայեց ուղևորներին և վարորդին.

—Հաստատ ական է, պինդ է և ծանր…փախնենք, փրկվենք…-և առաջինը դուրս թռավ երթուղայինից:

Թե ինչ սկսվեց այդ պահին, անհնար է նկարագրել: Իսկական քաոս էր: Մարդիկ իրար հերթ չտալով փորձում էին իջնել, բրդբրդում էին միմյանց, գոռում… 30 վարկյան անց երթուղայինում մարդ չմնաց: Վարորդն էլ արդեն պատրաստվում էր ոստիկանություն զանգել, երբ տեսանք, որ հեռվից վազելով գալիս է «ահաբեկիչ» երիտասարդը, իսկ ձեռքում էլ… շաուրմա էր բռնած:

Զարմացած նայեց մեզ, իսկ հետո էլ ամաչելով ժպտաց.

—Բոլորդ ինձ էիք սպասու՞մ… շնորհակալ եմ: Վարպետ, շու՞տ ես շարժվելու:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Արմենիա

(Visited 39 times, 1 visits today)