Երկու տարի առաջ մերժված Սերժ Սարգսյանը խոսելու, քաղաքականության մեջ դերակատարում ունենալու հայտ է ներկայացնում.

Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողովին լուրջ փորձություններ են սպասվում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց հանձնաժողովի հրավերն ու ներկայացավ, հինգ ժամ մասնակցեց նիստին, իսկ հետո էլ հարցազրույց տվեց լրագրողներին։
Արդյո՞ք հանձնաժողովին կհաջողվի Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջոցով բացահայտել ապրիլյան պատերազմի մասին ճշմարտությունը, թե՞ Սերժ Սարգսյանին կհաջողվի մաքրել իր մերժելի կերպարը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, անգամ չտիրապետելով խորքային տեղեկատվության, տեսել ենք, թե ինչ է կատարվել։

«Ինչպիսի հանձնաժողով էլ լինի, ինչքան էլ փորձեն ՀՀԿ-ականներն արդարանալ, չի հաջողվի։ Ամբողջ ժողովուրդն է տեսել, թե առաջին ժամերին ինչ անկազմակերպ վիճակում է եղել մեր բանակը։ Եվ միայն մեր ժողովրդի համախմբվածության շնորհիվ էր, որ կասեցվեց հակառակորդի ներխուժումը հայկական տարածք։ Ես կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի արդարանալ այդ հանձնաժողովում, ապա դրա մեղավորը օրվա իշխանությունները կլինեն։

Դա կլինի օրվա իշխանությունների վերջի սկիզբը, քանի որ որեւէ փաստարկով հնարավոր չէ քննությունը տանել այդ ուղղությամբ»,- ասաց Պետրոս Մակեյանը։
Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը նկատելի ինքնավստահությամբ էր աչքի ընկնում, Պետրոս Մակեյանն արձագանքեց․«Իմ տպավորությամբ՝ իրոք Սերժ Սարգսյանի մոտ նկատելի էր ինքնավստահություն։

Դրա պատճառն այն է, որ երկու տարի առաջ մերժված Սերժ Սարգսյանը խոսելու, քաղաքականության մեջ դերակատարում ունենալու հայտ է ներկայացնում»։
Hraparak.am-ը լուր էր հրապարակել այն մասին, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության, սակայն դա ընդամենը պատրվակ է եղել, որպեսզի վերջինս մուտք գործի ԱԱԾ շենք, եւ այնտեղ՝ ձեւական հարցաքննությունից հետո, նրան ուղեկցել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ էլ նա հանդիպել է տեւական ժամանակ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այս առնչությամբ Պետրոս Մակեյանն ասաց․ «Եթե այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը պետք է նույն հոդվածով դատվեր, նստեր Ռոբերտ Քոչարյանի հետ նույն խցում, ոչ թե գաղտագողի գնար տեսակցության, բանակցությունների կամ գաղտնի, ստվերային միջնորդ դառնար։

Սա շատ վտանգավոր է, քանի որ ստացվում է՝ կա իշխանություն եւ կան հիմնական խաղացողներ՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Առանց իշխանության թույլտվության, Նիկոլ Փաշինյանի գիտության, պարզ է, որ նրանք չէին կարող հանդիպել։

Մենք՝ քաղբանտարկյալներս էլ, եղել ենք այդ խցերում։ Հայտնի է, որ այդ մակարդակի մարդկանց տեսակցությունը, առանց երկրի առաջին դեմքի թույլտվության, հնարավոր չէ ։ Ուրեմն խնդիր է դրված եղել, որ նրանք պետք է հանդիպեն միմյանց հետ։ Իսկ դա շատ վտանգավոր է, կարող են դրան հաջորդել շատ վտանգավոր գործընթացներ։ Սա լուրջ ազդակ է, որ իրենք ուզում են ակտիվ գործընթացների մեջ ներգրավվել։

Մենք ունենք նաեւ օրինակը, որ այն, ինչ ժամանակին տեղի ունեցավ Վալերիյ Օսիպյանի եւ Արթուր Վանեցյանի միջոցով, նույնը կարող է լինել կորոնավիրուսից հետո։ Հինգերորդ շարասյունը կփորձի այս դեպքում էլ գնալ կտրուկ քայլերի, քանի որ առաջին փորձը ձախողվեց»։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS