Իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Տաթևում արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական և պետական գործիչներին, որպեսզի Արցախը հանձնի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկն է եղել տեղեկություն ստանալ հայոց բանակի սպառազինության մասին:
«Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետև վիճակը եղել է աղետալի:

Լավ չէ, որ հիմա ասեմ, բայց, օրինակ բերեմ… Սերժ Սարգսյանն ինքն է այդ օրինակը բերել, ասել է՝ մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում:

Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ

Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է:

Երբ գնացել եմ դիրքեր 2018 թվականի մայիսին, ասել եմ՝ ինչ ուտելիք կա, բերեք այստեղ և ամեն ինչից կերել եմ` ժամուկեսից հետո այրոցքից չգիտեի ինչ անեի: Բա այս երեխաները ինչպե՞ս են զգոն կանգնելու սահմանին: Իմ առաջին հրահանգը եղել է արագ ձեռնարկել միջոցներ զինվորների սննդի կարգը և որակը փոխելու, որովհետև սնունդը մատակարարում էին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց հայտնի «ատկատներով»:

Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք»,- շեշտեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը համոզված է, որ ներկայում բանակի հակաօդային պաշտպանության համակարգը բարձր մարտունակության ունի, քանի որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:
«Մենք ձեռք ենք բերել «Սու-30ՍՄ» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու:

Այսօր արդեն 43 զորամասում զինվորները ուտում են որակյալ և արժանապատիվ սնունդ»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, Արամ Հարությունյանին և այլոց խորհուրդ տվեց կամավոր ետ բերել թալանած գումարները:

«Ձեր թալանածը ետ բերեք, չեք փախչի,եվրոպացիների փեշերի տակ չեք պահվի, կոպեկ առ կոպեկ պետք է բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք:

Ես խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկենք: Տարբերակ չունե՛ք»,- եզրափակեց Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS