Իրենք այդ զրույցները լսելու ժամանակ չունեն. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Եկեղեցականությունն ու հոգեւորականությունը զբաղված են հոգեւոր քարոզով առավոտից մինչեւ երեկո. այն մարդիկ, որոնք հոգեւոր քարոզով չեն հետաքրքրված, նրանք էլ ստիպված են քաղաքական հարցերից խոսել։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ քաղաքականություն է երեւում։

«Այդ հարցում վարչապետը սխալվում է, եթե իրենք ուզում են տեսնել միայն այն հատվածը, երբ եկեղեցին կամ եկեղեցականը պատասխանում է քաղաքականությանը վերաբերող այն հարցերին, որոնք իրենց ուղղում են, եթե այդ պաստառը վերցնես, այո, կարծես՝ հոգեւորականները դրանով են զբաղվում, առավել եւս ես, քանի որ այդ հարցերով խոսողն եմ։ Դա այն պատճառով է, որ նրանք չեն տեսնում մեր գործունեության մյուս պաստառը։

Չեն տեսնում մեր հոգեւոր քարոզները, որովհետեւ եկեղեցում չեն։ Չեն լսում մեր զրույցները ժողովրդի հետ, որովհետեւ իրենք այդ զրույցները լսելու ժամանակ չունեն։ Մեր կյանքի, մեր խոսակցության, մեր զրույցների առյուծի բաժինը կազմում է հոգեւոր խոսքն ու քարոզը։ Համացանցում լեփ-լեցուն են հոգեւորականների հոգեւոր խոսքերը։ Այնպես որ քարոզի պակաս չկա»,- ասաց Սրբազանը։

Աջապահյանը համաձայն է վարչապետի հետ այն հարցում, որ հասարակության մեջ հոգեւոր խոսքի պակաս կա. «Որովհետեւ, ցավոք, հասարակությունը շատ ցանկություն չունի հոգեւոր խոսք լսելու»։

Հարցին, թե վերջին շրջանում հոգեւորականների վերաբերյալ հաճախ հնչող քննադատությունները կարո՞ղ են հանգեցնել մի շարք հոգեւորականների՝ իրենց հոգեւոր ծառայությունը լքելուն, Աջապահյանը պատասխանեց.

«Նմանատիպ հայտարարություններով հոգեւորականներին դուրս հանել իրենց հոգոեւոր ասպարեզից, իրենց ապրելակերպից անհնար է։ Հոգեւորականության մեջ միշտ էլ հոգեւոր ասպարեզը թողնողներ լինում են, սակայն նրանք փոքր տոկոսներ են։ Մտածում եք՝ 30 կամ 40 տարի է ծառայում ենք եկեղեցուն, կարող ենք ինչ-որ բանից հիասթափվել եւ հեռանա՞լ։ Մեզ համար հիասթափությունը վաղուց անցած էտապ է»։

Նյութի աղբյուրը News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS