«Խաղասեղանին մարդկային կյանքեր են դրված և այդ կյանքերից մեկն անգամ շատ է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունն սկզբում մեծամիտ անփութությամբ վերաբերվեց կորոնավիրուսի սպառնալիքին, հետո սկսեց մեծ թափով քարոզարշավ իրականացնել և այդ գործում` բարոյական աջակցության հույսը դրեց մի շատ որոշակի զանգվածի վրա, որ ոչ ուղեղ ունի և ոչ գիտելիք: Հիմա եկել է իրականության պահը: Փնթի և հանցավորատիպ անփույթ կառավարումն ու վարքագիծն բարոյական և քաղաքական պատասխանատվության ժամն են մոտեցնում:

Իտալիայից և այլ ռիսկային գոտիներից ժամանող ուղևորներին պարտադիր կարանտին չդնելը, որոշ ուղղություններից թռիչքները չչեղարկելը, թեստերի մեծ խմբաքանակների ձեռքբերումը ձախողելը, և դրանք հեշտ հասանելի չդարձնելը, պարենային կուտակումներ չկատարելը, միայն խուճապը կանխելու վրա ֆիքսվելը, «թու´, թու´, թու´» ասելը, դպրոցները փակելը և ամենառիսկային փուլում վերաբացելը, հակառակ բոլոր գիտական պնդումներին`

անընդհատ այս նոր կորոնավիրուսը գրիպի հետ համեմատելը կարող էին չնկատվել օրեր առաջ որոշ իշխանապաշտների կողմից, բայց վարակի տարածմանը զուգահեռ այն այս իշխանությանն անպայմանորեն քաղաքական լուրջ կապիտալ է արժենալու: Այդ թվում և՝ հիասթափված վարչապետապաշտիչների կողմից:

Այսպիսի, իշխանությունն իրոք որ ոչ մի ընդդիմության կարիք չունի: Ո´չ իրական, օբյեկտիվ և նախկին ռեժիմի հետ կապ չունեցող և ո´չ էլ նախկին ռեժիմի տեսքով: Այս իշխանությունն ինքն է իր թշնամին. իր մի շարք հիմար պատգամավորներով և քարոզիչներով, իր գործողություններով և ընդհանրապես իր՝ գավառականից էլ ցածր ինտելեկտով:
Անասելիորեն պոպուլյար ոչ մի քաղաքական ուժ դեռ այսքան արագ երբևէ իրեն չի վարկաբեկել, որքան այս ապիկար իշխանությունը:

Կորոնավիրուսի համաշխարհային այս ճգնաժամը դեռ նոր է միայն սկսվում և արդեն անկասկած է, որ Հայաստանում այն դառնալու է այս իշխանության ինքնաոչնչացման գործընթացի ձգանը: Հեռանկարում դա հստակ երևում է:
Վարչապետի վերջին լայվը` արձակուրդից վերադառնալու վերաբերյալ, նախանշան է, որ սկսել են սեփական իշխանության համար վտանգը զգալ:

Եթե հանրային առողջությունը լիներ իսկական մտահոգությունը` քարոզարշավն ու հանրաքվեն վաղուց կկասեցնեին: Անգամ հիմա այդ մասին հայտարարություն չեղավ և չկա: Դա ևս մեկ ապացույց է, որ խնդիրը քաղաքական է: Քաղաքական էին և իշխանության անգործությունն ու անփութությունը:

Հիմա փորձելու են հաշվարկներ անել և տեսնել, թե արդյո՞ք կիսատ-պռատ և ոչ հեղափոխական օրակարգով` յոթ հոգու տուն ուղարկելն արժե այն քաղաքական կապիտալը, որն արդեն սկսում են զգալ, որ անպայմանորեն վճարելու են:

Իսկ առայժմ հուսանք, որ գոնե որոշ ճիշտ քայլեր` հանրային ահագնացող ճնշման ներքո և կարևոր չէ թե ինչ դրդապատճառներով` այս ամուլ և վտանգավոր իշխանությունն ստիպված կլինի անել:

Խաղասեղանին մարդկային կյանքեր են դրված և այդ կյանքերից մեկն անգամ շատ է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS