Մեզ հաղթելն անհնար է. Հուսահատվել պետք չէ, եղել ենք կանք ու կլինենք:

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես տեսել եմ ինչպես է լալիս ֆիդայի տղամարդը և հասկացել եմ, որ դա ոչ թե անկարողության, այլ ազգի փրկության համար պայքարող տղամարդու լաց է:

Ես ծնվել եմ Արցախում 1989 թվականին: Ես պատերազմի ծնունդ եմ:

Երբ շատ փոքր էի, մենք ընկերներով կռիվ կռիվ էինք խաղում փայտից ինքնաշեն հրացաններով, մենք հրավառություն էինք կազմապերպում փամփուշտների միջի վառոդն այրելով, մեր լավագույն խաղալիքները փամփուշտների հավաքածուն էր (АКС, АКМ, ДШК), մենք այբուբենի հանդես ենք արել կրակոցների տակ:

Մեզ համար սովորական էր դարձել օդային տագնապի ձայնը, և մենք գիտեինք, որ տագնապից տասը րոպե անց ինքնաթիռները ռմբակոծելու են մեր տները:

Մենք ապաստարանում մայրիկների ՀՐԱՀԱՆԳՈՎ պարտադրված թաքնվելով հաշվում էինք ռումբերը և գիտեինք թե քանի ռումբ նետելուց հետո է անհետանալու չարաբաստիկ ինքնաթիռը, ով պատռում էր երկինքը հանկարծակի, ավիրում էր գյուղը մի ակնթարթում և անէանում էր ամպերի գորշության մեջ՝ թողնելով սգի քուլաներ գյուղում:

Մենք երզում էինք, թե երբ ենք մեծանալու, որ հաղթենք թշնամուն, մենք ամենակարող էինք մեզ զգում, մենք բարկության պահին քար էինք շպրտում այդ ինքնաթիռի վրա և հավատում, որ կկործանենք մեր կյանքը դժոխքի վերածած ինքնաթիռը:

Թերևս մենք չէին հասկանում, ինչ է նշանակում դժոխքը, քանի որ դա մեր առoրյան էր: Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի արյունոտ վարագույրի հետևում կյանք կա, մի ուրիշ կյանք….

Պատերազմն ավարտվեց, մենք հաղթահարեցինք պատերազմը և ողջ մնացինք: Արյունոտ վարագույրից այն կողմ սկսվեց մի ուրիշ կյանք, այս անգամ սկսվեց պայքարը ներքին թշնամու դեմ:

Եվ ես մեծացա անվերջանալի պայքարի բեռն ուսերիս, բայց երբեք չկռացա, ծանրությունն ինչքան էլ շատ էր, ես մեջքս ուղիղ էի պահում, քանի որ արդեն ինքս էի պատասխանատու իմ զավակի համար:

Երկու տարի առաջ վերջապես հաղթեցինք, պատռեցինք բոլոր վարագույրներն ու հավատացինք, որ մեր հզոր ազգը անկոտրում է, մեզ պարտության մատնելը դժվար է, գրեթե անհնար:

Եվ ահա մի նոր փորձություն, համաշխարհային համաճարակ: Կորոնավիրուս, թերևս ոչ համաճարակի անունն է հայկական, ոչ Հայաստանից է ծնունդ առել, հետևաբար Հայաստանում այն տեղ չունի:

Չգերագնահատելով մեր ուժերը, ես հավատում եմ, որ մենք սա էլ ենք հաղթահարելու, իրավիճակից պատվով դուրս ենք գալու: Մենք ցեղասպանություն ենք ապրել և ողջ ենք մնացել, մենք պատերազմ ենք ապրել և ողջ ենք մնացել, մենք երկրաշարաժ ենք վերապրել, ապրիլյան, մարտի մեկ, հոկտեմբերի 27…

Մեզ հաղթելն այնքան էլ հեշտ չի, գրեթե անհնար:

Հուսահատվել պետք չէ, եղել ենք կանք ու կլինենք:

Պարզապես մի քիչ համբերություն, մի քիչ հանդուրժողականություն, ազնվություն, սեր ու հարգանք է պետք միմյանց նկատմամբ:

(Visited 84 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS