«Սրանով հող ենք նախապատրաստում իշխանությանը, որ վաղը հնարավոր անհաջողության դեպքում դարձյալ մեղքը ժողովրդի վրա բարդի». Գևորգ Պետրոսյան

Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կառավարությանն առաջարկելու է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբակցության անունից չի կարող խոսել, քանի որ այն դեռ չի քննարկվել:
«Սակայն իմ համոզմամբ` անվտանգության միջոցառումները պետք են, պարտադիր են:

Սակայն դրա հետ մեկտեղ պետությունը պետք է հոգ տանի մարդկանց նվազագույն պայմաններն ապահովելու մասին: Անձամբ ես այս քանի օրը տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում, որոնց միակ հարցը սա է ` բա մենք ինչպես ապրենք: Ինչ խոսք, պետք է անվտանգության միջոցառումները շարունակվցեն, քանի որ մեկ մարդու կյանքը շատ ավելի թանկ է, քան տնտեսական, ֆինանսական շահը: Բայց նաև չպետք է մոռանանք առողջ բնակչության մասին:

Մարդ կա էսօր հնարավորություն չունի օրվա հացը գնելու: Այդ մարդկանց մասին պետք է մտածի սոցիալական պետության ղեկավարությունը: Ժամանակն է, որ սպառնալիքների ռեժիմից անցնենք ապահովության ռեժիմի»,-նշեց Պետրոսյանը:
Հարցին` պետության կողմից իրականացվող կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու տնտեսական միջոցներն ինչպես է գնահատում, արդյոք դրանք կարող են մարդկանց սոցիալական խնդիրը լուծել այս պայմաններում՝ պատգամավորը նշեց.

« Չեմ կարող ասել դրանք բավարար են, թե՝ ոչ, քանի որ ծանոթ չեմ աջակցության բաղադրիչներին, բայց երեկ մի քանի նամակ եմ ստացել այդ կապակցությամբ, որ այդ աջակցությունները տեղ չեն հասել :Համենայնդեպս լիահույս եմ, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հոգ տանի մարդկանց պայմաններով ապահովելու մասին; Այսօր հազարավոր ընտանիքներ հաց գնելու հնարավորություն չունեն:

Ինչքան էլ ուզում է այս կամ այն նախարարը զուգվի, զարդարվի և հեռուստացույցով ինչ-որ զեկույց կարդա, բայց մարդիկ դժգոհ են կյանքից: Սա է իրականությունը, իսկ մենք բավական է իրականությունից կտրվենք, լայվերով, շուոներով ղեկավարենք պետությունը: Պետք է իջնել այդ մակարդակից և լսել ժողովրդին, խնդիրները լուծել հատված առ հատված: Թե չէ բանուգործները թողած ամբողջ օրն ինչ-որ ցուցադրական ելույթներ, ներկայացուցչական պատկերներ, կերպարներ. այդպես չեն կերակրում ժողովրդին:

Միայն այսօր կորոնավիրուսը չի, որի մասին պետք է մտածենք: Դա հոգեբանական ահավոր ընկճող մթնոլորտ է առաջացնում: Այսօր մարդիկ տներից դուրս չեն կարողանում գալ, իրար հետ հաղորդակցվելու շփում չկա: Դա էլ է մարդու վրա բացասական անդրադառնում: Որ հեռուստաալիքը միացնում ես խոսում է միայն կորոնավիրուսի մասին: Մեր կյանքը միայն դա՞ է»,-հավելեց նա:

Պատգամավորը չի հասկանում, ինչու են օրինակ սահմանափակել կոշկակարի, ժամագործի կամ փոքր հագուստի խանութների աշխատանքը:
Նրա խոսքով` կարելի է խիստ միջոցներ դնել, սակայն թույլ տալ այդ մարդիկ աշխատեն. «Բոլորն ով հանդիպում է կամ գրում, հարցնում է` բա մեր վերջն ի՞նչ է լինելու: Ես` որպես ԱԺ պատգամավոր ամաչում եմ, քանի որ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չգիտեմ նախ համաշխարհային տենդենցներն ուր կտանեն, և երկրորդ` մեր իշխանության ֆանտազիան ինչ կթելադրի»:

Հարցին` ինչպես է գնահատում հասարակության սոցիալական պատսխանատվությունը, արդյոք հետևում և պահպանում են կանոնները, Պետրոսյանը նշեց.«Սկսեմ ինձանից: Ուրիշներին հեշտ է գնահատել, պիտակավորել: Անձամբ, որ ասեմ 100 տոկոսով հետևում եմ, այդպես չէ: Երբեմն մոռանում ես, բայց հիմանականում հետևում ենք, ավելորդ շփումներն ենք կանխում: Կարելի է ասել հասարակության բացարձակ մեծամասնությունն էլ է հետևում:

Եթե ասենք, որ հասարակությունը չի հետևում, սրանով հող ենք նախապատրաստում, ապահովում իշխանությանը, որ վաղը, մյուս օրը հնարավոր անհաջողության դեպքում դարձյալ մեղքը ժողովրդի վրա բարդի»:

Նյութի աղբյուրը՝ armdaily.am

(Visited 70 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS