Ահա, թե ինչպիսի շրջանավարտներ են եղել հայտնիները. ՖՈՏՈՇԱՐՔ

Երեկ՝ հունիսի 4-ին, հանրապետության մի շարք դպրոցներում հնչեց Վերջին զանգը:

NEWS.am STYLE-ն արդեն լուսանկարել է այս տարվա շրջանավարտներից որոշներին՝ ներկայացնելով նրանց տրամադրությունն ու սպասելիքները: Օրվա թեման շարունակել ենք նաեւ հայ հայտնիներից մի քանիսի ավարտական հուշերով:

Սյուզաննա Մելքոնյանը, Անելյա Գուբրյանը, Դալիթան ու Անուշկա Մարգարյանը մեզ են տրամադրել իրենց ավարտական տարվա լուսանկարներն ու կիսվել դպրոցական պատմություններով.

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը դպրոցն ավարտել է 2006 թ-ին: Նա հիշեց, որ բավական ըմբոստ աշակերտուհի է եղել. դեռ փոքրուց անում էր միայն այն, ինչ իրեն է դուր գալիս: Սիրում էր հումանիտար առարկաներն ու հենց դրանք էր լավ սովորում, իսկ դասերից փախչելու առաջարկներին միշտ առաջինն էր արձագանքում.

«Մի անգամ էլ մենակ եմ փախչել. տխուր էի, տնից դուր եկա ու գնացի ժամերով թափառելու (ծիծաղում է): Հիմա էլ նույն սովորությունը մնացել է, սիրում եմ միայնակ զբոսնել»: Դպրոցն ավարտելուն Անուշկան անհամբերությամբ է սպասել, ասում է՝ ուսանողական տարիներն ավելի շատ է սիրել:

«Այդ օրն էմոցիաներս տարբեր էին ու շատ խառը: Զգում էի, որ արդեն մեծ եմ, որ նոր կյանք եմ մտնում, բայց դա ինձ շրջապատս էր ներշնչել (ծիծաղում է): Իրականում ես չեմ մեծացել՝ աճել եմ, իսկ այդ երեխան դեռ իմ ներսում ապրում է, ու հուսով եմ՝ երկար կմնա»:

Ավարտական օրվա հաճելի հիշողություններից մեկն Անուշկայի խոսքով՝ իր լուսանկարը թերթում հայտնաբերելն էր. «Այդքան շրջանավարտների մեջ միայն իմ նկարն էր հայտնվել թերթի առաջին էջում»,-ուրախությամբ վերհիշեց նա, իսկ շրջանավարտներին մաղթեց կյանքի ոչ մի փուլում չկոտրվել. «Ինչ էլ, որ լինի, միշտ առաջ շարժվեք ու ամենակարեւորը՝ հնարավորինս շատ գիտելիք ստացեք»:

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2010 թ-ին ավարտել է Երեւանի թիվ 181 դպրոցը: «Եղել եմ բավական ակտիվ աշակերտուհի, փոքր տարիքում, նույնիսկ, չարաճճի ու գերակտիվ եմ եղել: Ես շատ լավ էի սովորում, բայց վարքիս համար օրագրումս դասղեկս «1» էր նշանակել»,-հիշեց նա: Սյուզաննան վեցերորդ դասարանից արդեն բեմում էր, իսկ 10-ում՝ «Հայ սուպերսթար» նախագիի մասնակից: Երգչուհին հիշում է, որ ավարտելուն սպասում էր, քանի որ հստակ կողմնորոշվել էր, թե ինչ ուղիով է ցանկանում շարունակել ուսումը.

«Վստահ էի, որ ընդունվելու եմ արվեստի հետ առնչվող որեւէ բուհ, եւ շատ ուրախ էի, որ գիտեի` ինչ եմ ուզում: Իհարկե, 16 տարեկանում կողմնորոշվելը փոքր-ինչ դժվար է, բայց այսօրվա սերունդը շատ է տարբերվում մեզանից, ու հիմա ամեն ինչ, կարծես, ավելի հասանելի ու հեշտ է դարձել»:

Անդրադառնալով Վերջին զանգի օրվան՝ Սյուզաննան մտաբերեց, որ դպրոցում շատերի համար հենց ինքն էր երգել. «Ես մեր ամբողջ դպրոցի երգչուհին էի: Կար եւս մեկ դասարան, որի երգը ես էի կատարել, իսկ մեր դասարանի միջոցառումը շատ հետաքրքիր էր կազմակերպվել մեր ավագի ու դասղեկի ջանքերով. այն արվել էր մրցանակաբաշխության ձեւաչափով ու ինձ տրվել էր «Միսս Եվրատեսիլ» կոչումը: Այդ օրից հիշում եմ նաեւ, որ հոգնածությունից ոտքերս ցավում էին, ու այնքան շատ էի երգել, որ երեկոյան արդեն ձայնս կտրվել էր… Կարոտով եմ հիշում դպրոցս, մինչ օրս կապ պահում եմ դասղեկիս ու ուսուցիչներիս հետ: Ի դեպ, «Ну-ка, все вместе!» նախագծի ավարտից հետո նրանք էլ են գրել ու շնորհավորել ինձ, իսկ դպրոցի էջում նշել, որ հպարտ են, որ ես իրենց սանն եմ եղել»:

Այսօրվա շրջանավարտներին Սյուզաննան մաղթեց կտրվել օնլայն հարթակից ու ավելի լրջորեն մոտենալ ուսմանը. «Խորհուրդ եմ տալիս շատ գիրք կարդալ, որովհետեւ սա կյանքում կայանալու կարեւորագույն փուլն է, եւ ես մաղթում եմ, որ այդ ճանապարհին հնարավորինս չսայթաքեն, որովհետեւ դա գրավականն է լինելու իրենց հետագա կյանքի»:

«Պարտաճանաչ ու աշխատասեր աշակերտ եմ եղել»,-պատմում է Դալիթան, որի վերջին զանգը հնչել է 2016 թ-ին: Երգչուհին սովորել է Հայաստանի եվրոպական քոլեջում: Դալիթան նշում է, որ քոլեջն ավարտելուն սպասում էր, թեեւ գիտեր, որ կարոտելու է այդ տարիները. «Բայց նաեւ սպասում էի կյանի հաջորդ կարեւորագույն փուլին՝ համալսարան ընդունվելուն»,-հավելեց նա:

«Շատ դրական, հուզումներով լի օր էր: Երբեք չեմ մոռանա մեր վերջին զանգի հրաժեշտի գեղեցիկ համերգը: Այդ օրն արդեն իսկ լի էր հետաքրքիր ու ուրախ պահերով, նվերներով ու անակնկալներով»,-վերհիշեց նա՝ շրջանավարտներին մաղթելով նորանոր հաջողություններ իրենց հետագա ուսման մեջ. «Եղեք աշխատասեր, հավատացեք ձեր ուժերին եւ անպայման ընտրեք ձեր ուզած մասնագիտությունը»:

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը դպրոցն ավարտել է 2018 թ-ին: Անելյան նշեց, որ շատ էր սիրում սովորել եւ ավարտել է գերազանց արդյունքով: Բացի այդ՝ մոդելը բավական ակտիվ աշակերտուհի է եղել, հիշում է, որ պարտադիր մասնակցում էր դպրոցական բոլոր իրադարձություններին: «Որքան էլ զարմալի հնչի, դա կյանքիս ամենասիրելի շրջանն էր:

Սիրում էի դպրոցը, բայց ոչ դպրոցական կյանքը: Վերջին զանգից առանձնահատուկ հուշ չունեմ, պարզապես ընկերուհիներիս հետ նշել ենք մեր կյանքի նոր փուլի սկիզբը»:

Անելյան շրջանավարտներին խորհուրդ տվեց դպրոցական կյանքի փորձություններին շատ լուրջ չվերաբերել. «Դա կյանքի պարտադիր էտապ է, որը պետք է անցնել: Թույլ չտաք, որ այդ տարիների որեւէ նեղվածություն ձեր հետագա կյանքի վրա հետք թողնի, մաքսիմալ շատ սովորեք, որովհետեւ հետո շատ ավելի դժվար կլինի…»:

Աղբյուր

(Visited 112 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS