Անհրաժեշտ է հոգ տանել այս օրերին աշխատող քաղաքացիների մասին և լուծել տրանսպորտի խնդիրը

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը եւ ապրիլի 1-ից գործող խիստ սահմանափակումները բարդացնում են այս օրերին աշխատող մեր բազմաթիվ համաքաղաքացիների կյանքը:

Կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են աշխատել հանուն բոլորիս կենսական անհրաժեշտության կարիքների ապահովման, նրանք ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում:
Պատճառը հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցումն է:

Մի կողմից՝ պարետի որոշմամբ՝ դադարեցվել են բազմաթիվ կազմակերպությունների աշխատանքներ, մյուս կողմից էլ՝ դեռեւս իրենց գործունեությունը շարունակող եւ կենսական անհրաժեշտության աշխատանք կատարող բազմաթիվ մարդիկ ստիպված են օգտվել տաքսիներից, եթե չունեն անձնական մեքենա:

Այս օրերին Երեւանի մետրոպոլիտենը եւս դադարեցրել է աշխատանքը, սոցիալական ցանցերում բազմաթիվ ահազանգեր կան, թե 100-150 հազար դրամ ստացող եւ ընտանիք պահող միջին խավի քաղաքացին ինչպես օրական 2000-4000 դրամ վճարի տաքսիով երթեւեկելու համար:

Իշխանությունը դեռ այս հարցի շուրջ չի մտածել, լուծումներ չկան, այս մասին այսօր խոսեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը:
Իհարկե, կատարյալ կլիներ, որ նախքան որոշումն ընդունելը իշխանությունը մտածեր առանց այն էլ սուղ պայմաններում գտնվող քաղաքացիներին պատճառված ֆինանսական խնդիրների մասին:

Խնդրի լուծման ուղիները մի քանիսն են՝ կամ իշխանությունը ապահովում է այս օրերին աշխատանքի գնացող անձանց միկրոավտոբուսներով, ինչը ավելի բարդ է: Կամ հանձնարարում է՝ ամեն ընկերության եւ գերատեսչության հոգ տանել այս մասին, ինչը եւս ծախսատար է եւ լրացուցիչ բեռ գործարարի համար:

Կամ երրորդ տարբերակ՝ ուժեղացված հսկողությունը շարունակվում է, սակայն մետրոյի եւ հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվում է՝ պայմանով, որ դրանք խիստ ախտահանվեն, պահպանվի սոցիալական հեռավորությունը, մարդիկ երթեւեկեն միայն դիմակներով, ձեռնոցներով, իսկ երթուղայինի վարորդներից օրվա պլանը չգանձեն, որպեսզի ստիպված չլինեն 2-3 տասնյակով ուղեւորներ տեղափոխել:

Ի դեպ, կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ինչ ֆինանսական եւ սոցիալական խնդիրների է հանգեցնում կորոնավիրուսը եւ այդ տնտեսական հետեւանքները նվազագույնի հասցնելու համար մոտ մեկ տասնյակ միջոցառումների փաթեթներ են ընդունվել, ինչը ողջունելի է:

Քանի դեռ այս խնդիրը չի դարձել օրհասական եւ ստիպել իշխանությանը նոր փաթեթ ընդունելու, որը կհոգա այս օրերին աշխատող մեր հայրենակիցների փոխադրման հարցը, պետք է օր առաջ լուծվի հասարակական տրանսպորտի հարցը:

Պետք է հոգ տանել այն բոլոր մարդկանց մասին, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգելով աշխատում են հանուն բոլորի:

Աղբյուր

(Visited 50 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS