Այսօր գոյություն ունի այն ՍԴ-ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, որոնք ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանությանը. Նիկոլ Փաշինյան

Ես երբ վարչապետ ընտրվեցի, հայտարարեցի,

որ հրաժարվում եմ միջամտել դատական իշխանության գործերին և հրաժարվում եմ դատական իշխանությանը կառավարության կողմից հրահանգներ իջեցնել, սակայն այս պրոցեսում մենք հետագայում տեսանք, որ հանրությունը շարունակում է դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Մեկին բռնում են, կառավարությունը դառնում է դրա պատասխանատուն, կոռուպցիայի մեջ մեղադրվող ինչ-որ անձի բաց են թողում, հանրությունը սկսում է մտածել, որ կառավարությունը գնում է կուլիսային պայմանավորվածությունների, որովհետև կա տոտալ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, որովհետև Սահմանադրական դատարանն ուղղակի կամ անուղակի մասնակցել է ընտրությունների ժամանակ ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը:

Մարդիկ գիտեն, որ ՍԴ-ն անկախ չի գործում, գործել է իշխանական բուրգի մեջ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, որ երբ դատարանն ինչ-որ բան որոշի՝ չսկսենք քննարկել, թե ինչ, որտեղ, ինչ ազդեցություն է ունեցել: Մենք այսօր ասում ենք՝ եկեք ստեղծենք անկախ դատական համակարգ, որպեսզի նրա որոշումները ծանր ու թեթև չանենք»,-նշեց նա:

Վարչապետը կարծիք հայտնեց՝ ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Այսօր գոյություն ունի այն ՍԴ-ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, որոնք ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանությանը, այդ ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն: Սա հանրության շրջանում կառավարութան անգործություն է մեկնաբանվում»:

Պնդումներին, որ այս ՍԴ-ն իրենցից կախված չէ, անկախ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք ասում ենք, որ պետք է ունենանք անկախ դատարան, ոչ թե մեզանից չկախված դատական համակարգ, որը շարունակում է կախված լինել կոռուպցիոն համակարգից, իսկ դա ակնհայտ է և ապացուցվում է փաստերով: ՀՀկ-ի քաղաքական որոշմամբ որոշվել է, որ ի հեճուկս Սահմանադրւթյան, ՍԴ-ն պետք է գործի հին տրամաբանությամբ»։

Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ հանրությանը չպետք է ցնցումների մեջ դնել նոր հանրքավեով․ «Դա հին մտածողության արգասիք է, երբ ընտրություններ և ցնցումներ բառերը դնում են իրար կողքի։ ՀՀ-ում հեղափոխությունից հետո այլևս ընտրությունները ցնցումների չեն բերում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS