Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևանք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելու, օրինականությունը կգործի, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա գրել է. «- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ, ժողովուրդը),
— երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),
— երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,
— երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում, դա անվանելով ժողովրդավարություն,
— երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են,
— երբ երկրի ղեկավարն առանց դատարանի որոշման մարդկանց հանցագործ է հայտարարում, երբ խոսքը կորցնում է իր արժեքը՝ առանց դրա համար պատասխանատվության,
— երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն «ջարդում» են ու մնում անպատիժ,
— երբ իրապաշտպանները դառնում են իշխանամետ քաղաքական գործիչներ, իսկ քաղաքական գործիչները՝ իրավապաշտպաններ,
— երբ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարներն ինքնասպանություններ են գործում, իսկ դատարանները շրջափակվում են իշխանության մյուս ճյուղերի կողմից,
— երբ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս ընթանում,
— երբ օրենքն ընտրողաբար է գործում,
— երբ սահմանադրությունն այլևս չի գործում,
— երբ, երբ, երբ ….
Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևանք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելու, օրինականությունը կգործի, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն»։