Եթե Արցախում համաճարակը թափ հավաքի, Հարությունյանը և գործող իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Արա Պապյան

Արցախի ընտրությունների արդյունքը սպասելի էր, թեև ցանկալի չէր.

Այս կարծիքը Armdaily.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: «Դեռևս քվեարկությունից շատ առաջ Արայիկ Հարությունյանը սկսել էր ընտրապայքարը: Օգտագործելով իր նախկինում կուտակված հարստությունը, կապերն ու դիրքերը՝ մարդկանց տարբեր խոստումներ տալու, նվիրատվությունների և օգնությունների միջոցով նա մտել էր ընտրապայքարի մեջ»,- ասաց Պապյանը՝ ընդգծելով, քանի որ որևէ մեկը չուներ այդքան հնարավորություն, հետևաբար՝ սպասելի էր իր հաղթանակը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունների պասիվ կեցվածքը Արցախում ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ կարելի է դիտարկել որպես աջակցություն՝ Պապյանը ասաց. «Կարծում եմ, այո: Եվ պատահական չէր, որ անմիջապես այսպես կոչված հեղափոխությունից հետո, այն պաշտոնյաների թվում, որոնք ժողովրդի պահանջով հրաժարական տվեցին՝ այդ ժամանակ պետքարտուղար, իսկ մինչ այդ վարչապետ հանդիսացող Արաիկ Հարությունյանն էր:

Այսինքն՝ միանշանակ է, որ Արցախի ժողովուրդը նրան ընկալում էր որպես «սերժիզմի» ներկայացուցիչ: Հետևաբար՝ միայն չեզոք դիրքը և «սերժիզմի» ներկայացուցչի դեմ չպայքարելն արդեն մեծ աջակցություն էր Արայիկ Հարությունյանին»:

Նրա կարծիքով, եթե 2018 թվականին Փաշինյանը Արցախում չլռեցներ ժողովրդական շարժումները և այնտեղ հեռացվեր վերնախավը և նշանակվեր ժամանակավոր իշխանություն, որն իսկապես կմաքրեր դաշտը, որից հետո կայանային 2020-ի ընտրությունները, այդ դեպքում միայն կարելի կլիներ ակնկալել արդար ընտրություններ: Եթե չկան հավասար պայմաններ, չի կարող լինել արդար մրցակցություն:

«Այդ պատճառով ենք մենք պնդում, որ Հայաստանում փոխվի ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, սահմանադրությունը, որն ընտրական խոստումներից է եղել, հակառակ պարագայում հաջորդ ընտրությունների ժամանակ Երևանում ենք ունենալու նույնպիսի վատ ընտրություններ»,- վստահեցրեց Պապյանը և հավելեց, որ պետք չէ հետհեղափոխական ալիքի վրա կատարված մեկանգամյա ընտրությունը, որը բացառություն էր՝ համարել օրինաչափություն:

Քաղաքագետը տարօրինակ համարեց Հայաստանի իշխանությունների ցուցաբերած անտարբերությունը Արցախի ընտրություններին, որովհետև Արցախը Հայաստանի մաս է: «Այն մեր տնտեսական մասն է, բյուջեի և անվտանգության մասն է, և մեր կյանքը մեծապես կախված է նրանից, թե ովքեր կլինեն այնտեղ որպես ղեկավարներ»:

Պապյանը շեշտեց, որ Արայիկ Հարությունյանը Արցախի համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել պետական համակարգում և երբևէ մասնավոր բիզնեսի մեջ չի եղել, իսկ հիմա թիվ մեկ օլիգարխն է: «Ինչպե՞ս դա եղավ: Իր աշխատավարձո՞վ»,- հարց հնչեցրեց Պապյանը և պատասխանեց՝ իհարկե, ոչ: Նրա կարծիքով՝ Հարությունյանը կանի ամեն ինչ, որպեսզի Փաշինյանի հետ հարաբերությունները լավ լինեն, որպեսզի ընդունելի լինի:

Սակայն, խնդիրն այն է, որ Հարությունյանի թիկունքին կանգնած են օլիգարխներ, իսկ նրանց թիկունքին էլ կանգնած են արտաքին ուժեր, որոնք էլ պետք է իրենց շահերը պաշտպանեն, հետևաբար՝ լինելու է շահերի բախում: Այդ շահերը կարող են լինել անձնական, խմբային և պետական: «Չմոռանանք, որ անկախության խաղը հանգեցնում է նրան, որ այստեղ ուժեղանում է երրորդ պետության՝ Ռուսաստանի ազդեցությունը, իսկ Ռուսաստանի ազդեցությունը ոչ միշտ է ի նպաստ մեզ եղել, նաև Արցախի հարցում: Կարող ենք հիշել 1920-1921 և 1989-92-94 թվականները»,- ասաց Պապյանը:

Ըստ Պապյանի՝ Ռուսաստանը սկսում է ուղակիորեն ազդել Արցախի քաղաքական կյանքի վրա և Հայաստանից անջատել՝ իրականացնելով աբխազացման քաղաքականություն: Նա նաև մեջբերեց երկու շաբաթ առաջ Տարասովի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի Արցախի միացումը Հայաստանին: Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Հարությունյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե լինի տնտեսական ճգնաժամ և համաճարակ, ապա պետք է համախմբվել Հայաստանի իշխանությունների շուրջ, քանի որ գլխավոր պատասխանատվությունը և գլխավոր խնդիրը կրում են նրանք՝ Պապյանն ասաց, որ Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել դեռևս ընտրությունների առաջին փուլից առաջ, նախատեսված հանրաքվեն և այլ միջոցառումներ չեղարկվել էին:

«Հետևաբար՝ ես սխալ եմ համարում պատասխանատվությունն ու խնդիրը վերագրել Հայաստանին, որովհետև այդ իրենք՝ տեղական իշխանություններն են երկու փուլով քվեարկության գնալու որոշում կայացրել, երբ եղել են բազմաթիվ զգուշացումներ և՝ Արցախի ներսից՝ որոշ թեկնածուների, բժիշկների և անհատների կողմից, և՝ Հայաստանի կողմից: Այսինքն նա լուծել է իր խնդիրները, չի ցանկացել ընտրությունները հետաձգել:

Հակառակը՝ կարծում եմ, որ եթե Արցախում համաճարակը թափ հավաքի, Հարությունյանը և գործող իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Իզաբելա Սուլթանյան

Նյութի աղբյուրը՝ armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS