Երեք կարեւոր քայլ, եթե արտակարգ ռեժիմ հայտարարվի

Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով հանձնաժողովի այսօրվա նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մինչեւ մարտի 23-ն ուսումնական հաստատությունները փակելու մասին:

Արտակարգ կամ էլ հատուկ այլ ռեժիմի մասին չի հայտարարվել: Փաշինյանը նշել է, որ դեռ չի տեսնում, թե ինչպես կարելի է կանխել վիրուսի տարածումը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է եւս երկու վարակման դեպքի մասին:

Այժմ Հայաստանում պաշտոնապես կորոնավիրուսով 8 վարակակիր կա:
Մի շարք երկրներում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել, որը պետական միջամտություն եւ մեծ ռեսուրսներ է պահանջում: Օրինակ, Եվրոպան ու ԱՄՆ-ն մեծ միջոցներ են հատկացրել տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու համար:

Այսօր Գերմանիայի Բունդեսթագն օրենք է ընդունել, որով աշխատողներն իրավունք են ունենում պահպանել իրենց աշխատավարձը, եթե աշխատանքի չգնան:
Վրացական բանկերը հայտարարել են, որ վարկերի մարման ժամկետը երկարացնում են 3 ամսով:

Նման կոչով են հանդես եկել նաեւ հայ քաղաքական գործիչները: Սա շատ կարեւոր է, եթե արտակարգ դրություն հայտարարվի, որովհետեւ Հայաստանի բնակչության վարկային բեռը մեծ է, եւ եկամուտների մեծ մասն ուղղվում է վարկերի մարմանը: Արտակարգ ռեժիմի դեպքում կարեւոր է մարդկանց սննդի ու դեղերի համար գումար թողնել:
Մարդկանց գումարի մի մասն էլ ուղղվում է կոմունալ ծառայություններին: Հայաստանում նույնպես հնչում են կոմունալ վճարները հետաձգելու կոչեր:

Այդպիսով, կառավարությունը պետք է պատրաստ լինի առնվազն երեք քայլի՝ ապահովի մարդկանց աշխատավարձը, եթե անգամ ստիպված լինեն աշխատանքի չգնալ, պայմանավորվել բանկերի հետ վարկերի երկարաձգման շուրջ ու հնարավորություն տալ հետաձգել կոմունալ վճարումները:

Սրան զուգահեռ պետք է պարենի ու դեղերի անհրաժեշտ պաշար ապահովել:

(Visited 163 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS