Երկիրը նաև այսպես են պաշտպանում. ՀՀ ԱԻՆ-ի փրկարարի ու երեխայի այս լուսանկարը շատերին է հուզել.

Տեսեք, թե հայ փրկարարն ինչպիսի գորովանքով է գրկին սեղմել երեխային:

Երկիրը նաև այսպես են պաշտպանում: Լուսանկարն արվել է այս գիշեր: Գ. Կարապետյանն արդեն երկու տարի է՝ աշխատում է Արագածոտնի մարզային փրկարար ծառայությունում: «Ես իմ գործն եմ արել ընդամենը: Ուժեղ ձնախառն բուք էր: Երեխայի դեմքն առաջին հերթին ծածկեցի վերնաշապիկով, որ չմրսի: Հետո տեղափոխեցի ուրիշ մեքենա: Իրենց մեքենան խցանման մեջ խափանված կանգնած էր: Պեչկերը չէին աշխատում:

Երեխային տեղափոխեցի մեր մեքենա»,-Panorama.am-ին պատմեց Գոռը: Հետո մյուս փրկարարները խափանված մեքենան գործի են դրել, հանել երթևեկելի մաս: Մի քանի ժամ խափանված ու անշարժ կանգնած մեքենայի փոքրիկ ուղևորը լավ վիճակում է եղել: Դրանից հետո փրկարար Գոռը նրա մասին տեղեկություններ չունի: «Իմ երեխու պես վերաբերվել եմ: Տարբերություն չկար՝ էդ պահին իմ երեխան էր բարդ վիճակում, թե ուրիշի»,-ասաց Գ. Կարապետյանը:

Ի դեպ, Գոռի առաջնեկ որդին մի քանի ամսական է: Արագածոտնի մարզային փրկարար վարչության պետ Ավետիք Մանուկյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Արագած-Արթիկ ավտոճանապարհին ձնաբքի մեջ մնացած մեքենաների մասին ահազանգ ստացել են երեկ՝ ժամը 16:06-ին: Նույն պահին դուրս են եկել ժամանակավոր հենակետից, աշխատել են ողջ գիշեր: Աշխատանքներն ավարտվել են այսօր առավոտյան ժամը 12:40-ի սահմաններում:

Ձնաբքում մնացել էր 75 մեքենա՝ 150 ուղևորով, նրանցից 10-12-ը եղել են երեխաներ: Ա. Մանուկյանն փրկարար ծառայությունում աշխատում է 20 տարի՝ շարքայինից հասնելով գնդապետի աստիճանի: Շնորհակալական խոսքեր շատ են ստանում կատարած աշխատանքի համար: Հիշելու բաներ էլ շատ կան, օրինակ փրկարարների հաջող գործողությունների արդյունքում մի երեխայի՝ մսաղացի մեջ մնացած մատները կարողացել են պահպանել:

«Դեպքեր են եղել, որ ծնողներն են մեր տուն եկել, մեզ են հյուր կանչել: Օրինակ մի դեպք, ես անձամբ ներկա չեմ եղել: Բժիշկներն ուզում էին կտրել երեխայի՝ մսաղացի մեջ մնացած մատները: Սակայն փրկարարները բոլգարկայով կարողացել են կտրել մսաղացը, պահպանելով երեխայի մատերը: Դե պատկերացրեք ծնողն ինչքան շնորհակալ էր, երեխան էլ հետագայում ասում էր, դառնալու է փրկարար: Հիշվող բաներ շատ կան, պատմելով չէ»,-ասաց վարչության պետը:

Մանուկյանը վստահեցնում է, որ բացի նախարարի կողմից տարեկան երկու անգամ տրվող պարգևատրումից, լինում են նաև մեդալներ: «Նրանք գնահատված են, նախարարի կողմից չեն անտեսվում»,-ասաց Մանուկյանը: Թե ինչպես է պարգևատրվելու համացանցի հայկական տիրույթում մեկ օրում մեծ արձագանքի արժանացած փրկարարը՝ Գոռ Կարապետյանը, վարչության պետն առայժմ չգիտի: «Մենք կատարում ենք մեր պարտականությունները և վերջ:

Եթե մենք կատարենք դրանք՝ սպասելով պարգևատրման կամ մեդալի, ճիշտ չի լինի: Մարդ պետք է աշխատի: Գոռն էլ իր երեխային է փրկել: Ակնկալիք չունի: Բայց նրա արածը չի անտեսվի»,-ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS