Ինչպե՞ս են իրականացվելու ավարտական և ընդունելության քննությունները.

ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում երկրում աշխատանքը, ուսումը, սպասարկումը կազմակերպվում են առցանց տարբերակով։

Դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում դասերն արդեն մեկ ամիս է՝ անցկացվում են հեռավար՝ առցանց ծրագրերի միջոցով։
Հեռավար անցկացվող դասերի արդյունավետության մասին կարծիքները տարատեսակ են։ Սակայն մի բան հստակ է, որ դասերն անցկացվում են, աշակերտներն ու ուսանողները, ինչպես լսարաններում և դասասենյակներում, այնպես էլ տանը՝ համակարգչի առաջ, դասապրոցեսին մասնակցում են։

Առցանց ուսուցման այս ընթացքում, սակայն, բուհերում խնդիրներ են կուտակվել, մասնավորապես ավարտական և ընդունելության քննությունների անցկացման կարգի վերաբերյալ։ Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում ավարտական և ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ հստակեցումներ կլինեն։ «Այս պահին քննարկվում է։ Այս շաբաթ կտեղեկացնենք, թե ինչպես է տեղի ունենալու գործընթացը»,- ասաց նա։

Կամավոսյանի խոսքով՝ ինչ որոշում էլ կայացվի, դա բխելու է ուսանողի շահերից։ Կհետաձգվեն ժամկետները, թե առցանց կիրականացվեն՝ պարզ կլինի մեկ շաբաթվա ընթացքում։
Մեզ հետ զրույցում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ելենա Գրիգորյանը նշեց, որ ակադեմիայում դասերն անցկացվում են հեռավար, բավական գոհ են արդյունքներից։

Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ այս պահին պրակտիկաների պաշտպանությունը ևս հեռավար է անցկացվում։ Ուսանողների մասնակցության վերաբերյալ ակադեմիայի լրատվականի պատասխանատուն նշեց՝ ուսանողները շատ ակտիվ են մասնակցում դասերին, գոհ են դասապրոցեսից։ Ավարտական քննությունների և մագիստրոսական թեզերի պաշտպանության վերաբերյալ հարցերին Ելենա Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, քանի որ նախարարությունից պետք է հստակ հրաման լինի, որով իրենք ևս կառաջնորդվեն։

Ուսանողների վարձավճարների հետաձգման վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ իրենց բուհում կան ուսանողներ, ովքեր վճարել են, և կան, ովքեր օգտվել են կառավարության կողմից սահմանված արտոնություններից։ «Ունենք ուսանողներ, ովքեր նորմալ վճարել են։ Բայց կան նաև ուսանողներ, ովքեր օգտվում են կառավարության տրամադրած արտոնություններից»,- նշեց նա։

ՀՀ ՊԿԱ դասախոսները, չնայած ուսանողների կողմից վարձավճարների կիսատ վճարմանը, միևնույն է՝ իրենց սահմանված աշխատավարձը ստանում են։ «Մեր դասախոսները առցանց դաս վարում են, ամեն ինչ կարգին է, աշխատավարձերն էլ հստակ սահմանված կարգով ստանում են»,- շեշտեց Ելենա Գրիգորյանը։

Երևանի պետական համալսարանում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները իրականացվելու են առցանց: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հարթակ։

Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են Zoom տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու (Zoom Cloud):

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS