Ինչ է կատարվել. Պուտին-Էրդողան պակտը խափանվեց վերջին պահին

Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինը եւ Էրդողանը որոշակի համաձայնությունների եկան, կապված սիրիական Իդլիբում հրադադարի, առկա շփման գծի պահպանման եւ Մ 4 ռազմավարական մայրուղու համատեղ պարեկության հետ:

Չնայած այս համաձայնությանը, նախորդ օրերին Իդլիբում զինված միջադեպեր են գրանցվել: Սիրիական կողմը հայտնել է դեպի Հմեյմիմի ռուսական ավիաբազա ուղղված անօդաչու սարքեր խոցելու, ինչպես նաեւ ահաբեկչական տարբեր խմբերի կողմից հրադադարը խախտելու մասին:
Փորձագետները նշում են, որ Մոսկվայում Պուտին-Էրդողան համաձայնությունները միջանկյալ բնույթ ունեն, որոնց ճակատագիրն անհայտ է:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հետ չի կանգնելու Իդլիբն ամբողջությամբ ազատագրելու ծրագրից, միեւնույն ժամանակ, նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ բանակցությունների ժամանակ չի շոշափվում սիրիական Աֆրինի շրջանի մասին, որը լիովին անցել է Թուրքիայի վերահսկողության տակ:
Թուրքիան ու Ռուսաստանը Սիրիայում լուծում են տարբեր խնդիրներ:

 

Անկարան փորձում է վերահսկողություն հաստատել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային տարածքների վրա, դրանք համարելով իր կենսական տարածքներն անվտանգության եւ այլ առումներով: Ռուսաստանը, բացի ռազմական ներկայությունից, սիրիական հակամարտության մեջ ներքաշվեց Արեւմուտքին երկխոսության հարկադրելու եւ պատժամիջոցները հանելու նպատակով:

Ընդ որում, այս նպատակն իրագործելու համար Թուրքիան դիտվում էր հարմար գործընկեր, որը խնդիրներ ուներ Արեւմուտքի հետ, որի հետ էլ Մոսկվան սկսեց կառուցել ռազմա-քաղաքական ու տնտեսական նոր հարաբերություններ: Թուրքիան իր հերթին օգտվեց Ռուսաստանի վիճակից, Սիրիայում իր քաղաքականությունն իրականացնելու համար եւ գրանցելով ձեռքբերումներ:

Ուշադրության արժանի է որոշ փորձագետների կարծիքն այն մասին, որ Սիրիայում Ռուսաստանի նպատակներն առնչվում են ՆԱՏՕ-ին ու Եվրոպային, ԽՍՀՄ փլուզման համար աշխարհքաղաքական ռեւանշի քաղաքականության շրջանակում: Ընդ որում, որպես թիրախ նշվում են մերձբալթյան հանրապետություններն ու Ուկրաինան: Կրեմլի ինսայդերները պնդում են, որ Մոսկվան ծրագրում է ստեղծել Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինա միասնական պետություն:

Ինչ վերաբերվում է Մերձբալթյան երկրներին, ապա հավանական են համարվում թե ուղիղ ռազմական ներխուժումը, թե հիբրիդային որոշակի գործողությունները, այն հաշվարկով, որ ՆԱՏՕ-ն կվախենա միջամտել, այդպիսով ցույց տալով ռազմական այդ բլոկի անգործությունն ու անկենսունակությունը:
ՆԱՏՕ-ն պատրաստվում է լայնածավալ զորավարժություններ անցկացնել Մերձբալթյան շրջանում եւ ռազմական ուժ տեղակայել:

Նշվում է, որ հենց այս ժամանակաշրջանն է Կրեմլի ծրագրերի իրագործման «պատուհանը»: Սիրիայում Թուրքիայի հետ համագործակցությունը Ռուսաստանը դիտարկում է հենց այս համատեքստում: Պուտինը Սիրիայում պատրաստ է որոշակի զիջումներ անել Թուրքիային, որի դիմաց Անկարան պետք է Եվրոպայի վրա ճնշում գործադրի փախստականների խնդրով, ինչը լուրջ ճնշում կլինի Եվրոպայի վրա եւ կհեշտացնի ծրագրերի իրագործումը:

Իդլիբում իրավիճակի սրումից հետո Թուրքիան սկսեց սպառնալ Եվրոպային 3 միլիոն փախստականներով եւ նույնիսկ փախստականների հոսքեր բեմադրեց: Մոսկվայում Պուտին-Էրդողան հնարավոր համաձայնությունը համեմատվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետ, որը սակայն վերջին պահին չկնքվեց: Նշվում է, որ Պուտինը պետք է լիակատար վստահություն ունենար, որ Էրդողանը պահելու է պայմանավորվածությունը:

Արդյոք Էրդողանը չի կարողացել արժանանալ այդ վստահությանը: Կրեմլի վերջին շրջանի ներքին ու արտաքին քաղաքականությունն ու պաշտոնական քարոզչությունը լիովին ենթարկված է պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությանը: Ռուսաստանը արտարժույթի ու ոսկու հսկայական ռեզերվներ է կուտակում, սոցիալ-տնտեսական տագնապի ու մշուշոտ հեռանկարի ֆոնին: Վերակազմակերպվում են իշխանության մարմինների լիազորությունները, որոնք հիշեցնում են ռազմական դրությունը գերկենտրոնացված պետական կառավարմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS