Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրեց, որ Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին հնարավոր չի մեկուսացնել։
«Հետևաբար, ամեն ինչ արվում է հակահամաճարակային խորհուրդներին համապատասխան։ Մեկուսացում ցուցված է ընդհանրապես միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտների դեպքում, ինչով մենք հիմա զբաղվում ենք, ինչպես զբաղվել ենք առաջին դեպքի ժամանակ, երբ ինքնաթիռում եղած երկու շարք իրար հետ նստած ուղևորներին մեկուսացրել ենք»,-ասաց Թորոսյանը՝ պարզաբանելով, թե ինչու Իտալիայից ժամանած ուղևորներին անմիջապես չեն մեկուսացրել։
Նշենք, որ երեկ կորոնավիրուսով վարակվածության ևս երեք դեպք է հաստատվել, որոնք երեքն էլ Իտալիայից ժամանած քաղաքացիներ են, որոնցից երկուսը՝ ՀՀ քաղաքացի, մեկը՝ Իտալիայի քաղաքացի։Հիմա, ըստ Թորոսյանի, իրականացվում է այդ անձանց շրջանակը պարզելու գործընթացը։ «Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, որոնցից բոլորը հայտնի են, նրանց արդեն իդենտիֆիկացրել ենք։ Շրջանակը հնարավոր է՝ մինչև հիսուն հոգի դառնա, և այդ հիսուն հոգու համար որոշումներ կկայացվեն մեկուսացվելու։
Նաև Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, այսինքն՝ իրենք չեն լքել իրենց բնակավայրը, դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն ապրում էդ շենքում, և էդ ընտանիքները պարզապես երկու շաբաթ դուրս չեն գա այդտեղից»,-ասաց նախարարը։
Թե որտեղ է այդ շենքը և ինչ շենք է, Թորոսյանն ասաց․ «Երևան քաղաքում է, և բնակավայրը, կարծում եմ, էական չի»։
Hraparak.am-ի դիտարկմանը, թե Իտալիայից ժամանածներն ամենառիսկային գոտուց են վերադարձել, նախարարությունը չէ՞ր հաշվարկել դա, որ ավելի խիստ միջոցառումներ իրականացներ, Թորոսյանն ասաց․ «Հայաստանում իրականացվում են ամենախիստ միջոցառումները հակահամաճարակային, և մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը,
տեսչական մարմինը, ոստիկանությւոնը և մնացած գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով, անձամբ այցելելով, նաև զանգեր կատարելով իրականացնում են վերահսկողություն, որից ավել ուղղակի իմաստ չունի և ցուցված չէ»։