«Ծնունդդ շնորհավոր ամեն օր ինձ ուժ ու հավատ տվող, իմ հերոս».Վազգեն Սարգսյանի զարմուհու անչափ հուզիչ գրառումը.

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Ծովինար Սարգսյանը, իր հորեղբոր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառումներ է կատարել:

Ձեզ ենք ներկայացնում Ծովինար Սարգսյանի այս և նախորդ տարվա գրառումները Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Մարտի 5-ն է. ամենասպասված օրը ամեն տարի, ամենասպասված ծնունդը ամեն տարի…

Բոլորը այսօր քո մասին են պատմում, քո հետ կապված իրենց հիշողություններն են գրում, քո հետ իրենց նկարն են տարածում: Ես դրանցից և ոչ մեկը չեմ կարող անել. ոչ քո մասին պատմեմ, ոչ քո հետ կապված հիշողություն գրեմ, ինչի մասին է խոսքը անգամ նկար տարածեմ:

 


Քո մասին միշտ լսել եմ կողքիս մարդկանցից: Տարիք կար լսելն էլ էր անտանելի, լացում էի սենյակից դուրս գալիս: Հետո եկավ պահ, որ սկսեցի, ինձ ներսից ուտելով լսել, իսկ հիմա բավականություն եմ ստանում ամեն պատմությունից, որովհետև դրանց շնորհիվ քեզ ավելի լավ եմ ճանաչում…
Ծնունդդ շնորհավոր, հոպար ջան, ու կապ չունի, որ ես քո հետ կապված պատմություն չունեմ,քո հոտը չգիտեմ, ոտնաձայներից հնարավորություն չեմ ունեցել ճանաչել, քեզ կյանքումս չեմ գրկել, բայց դու իմ կյանքում ամենամեծ ազդեցություն ես ունեցել…

Ծնունդդ շնորհավոր, հոպար ջան, ու կապ չունի, որ լիքը բաներ քո սրտով չեմ արել ու դեռ լիքը բաներ էլ անելու եմ, որը կարող է և սրտովդ չլինի, բայց ես ամեն քայլիցս առաջ քո մասին եմ մտածում, ու քեզ արժանի լինել եմ ուզում…
Ծնունդդ շնորհավոր, հոպար ջան,ու կապ չունի, որ բոլորը իրենց քո հետ են համեմատում դու իմ կյանքի միակ անհամեմատելին ես…

 


Ծնունդդ շնորհավոր, հոպար ջան, ու կապ չունի, որ ես այն ցանկալի նկարը չունեմ, միևնույնն է, դու իմ կյանքի միակ հերոսն ես…»,-գրել է Ծովինար Սարգսյանը:
Այս անգամ Ծովինար Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հորեղբոր մասնակցությամբ տեսանյութով և զուգահեռ գրել.
«Այսօր մարտի 5-ն է, կյանքիդ 61-րդ մարտի 5-ը. քո ծնունդն է, հոպար ջան…

Անցած տարվա համեմատ ոչինչ չի փոխվել. բոլորը էլի քո մասին են պատմում, իրենց հիշողություններով են կիսվում, քո հետ իրենց նկարներն են տարածում, իսկ ես գրում եմ: Գրում-ջնջում ու երևի թե նախանձում եմ, որովհետև ես հնարավորություն չեմ ունեցել քո հետ հուշ ունենալու, որովհետև հնարավորություն չեմ ունեցել այն ցանկալի նկարը ունենալու:
Ասում էիր.

 


-Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չ’գիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, եկեք իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար:

Այս խոսքերը ասելիս հաստատ չես մտածել, որ կգտնվի մեկը, ով քո արջի կերպարը ճանաչելու հնարավորությունը ունենալու համար ամեն ինչ կտար. իսկապես ամեն ինչ և դեռ մի բան էլ ավելին կտայի: Ավաղ, դու ժամանակ չունեցար, ես էլ հնարավորություն։

 


Ու հանկարծ չմտածես՝ քեզնից եմ նեղացած: Չէ, ոչ մի դեպքում. գիտեմ դու էլ կուզեիր ինձ հետ ծանոթանալ: Ոչ թե նրա համար, որ ես յուրահատուկ եմ, այլ նրա համար, որ տատիիդ անունը կրող Ծովինարն եմ:

Խոսում եմ հնարավորություններից, բայց հնարավորության պակաս երբեք չեմ ունեցել, որովհետև քեզ ճանչել եմ, ճանաչում եմ ու շարունակում եմ ճանաչել: Մարդ չի կարող սիրել անծանոթին այնքան, ինչքան ես եմ քեզ սիրում: Ու քո ներկայությունը զգալու համար պարտադիր չի քեզ գրկել, պետք է ընդամենը զգալ, իսկ ես զգում եմ…
Ծնունդդ շնորհավոր, հոպար ջան…

 


Ու կապ չունի, որ ես այն ցանկալի նկարից այս անգամ էլ չունեմ միևնույն է դու էլի իմ կյանքի միակ հերոսն ես..
Ծնունդդ շնորհավոր ամեն օր ինձ ուժ ու հավատ տվող, իմ հերոս»:

(Visited 27 times, 27 visits today)

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS