Կաթնամթերք արտադրողները՝ վարչապետի հանձնարարականի մասին…

Հայաստանում կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությունների համոզմամբ՝ արագ տեմպերով հնարավոր չի լինի կաթնամթերքի՝ մասնավորապես թթվասերի որակն արտաքինից տարբերակելու հնարավորություն տվող տարաներ ապահովել: Միևեւնույն ժամանակ, ըստ նրանց, թթվասերի տուփի եւ մակնշման փոփոխությունը հազարավոր դոլարների ծախս է պահանջում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին հայտարարել էր, որ հանձնարարություն է տվել ստեղծվել ստանդարտ, որ կաթնամթերքը տարանջատվի՝ ըստ գույների: Այսինքն՝ օրինակ այն թթվասերը, որը բնական կաթից է, պետք է լինի սպիտակ գույնի տուփով, եթե պարունակում է 30 տոկոս բուսական յուղ, պետք է լինի մեկ այլ գույնի: Վարչապետը վստահ է, որ սա կբերի բնական կաթի պահանջարկի աճին:

Փաշինյանի դիտարկմամբ՝ այսօր խանութների ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք: «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը չգիտեմ՝ ինչի յուղով է: Մենք չենք կարող այդ տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետեւ դա համապատասխանում է մեր ստանդարտներին: Ինձ ասում են, որ այնտեղ գրված է պարունակությունը: Բայց ես ասում եմ, որ երբ մարդը աշխատանքից գնում է տուն, եւ կինը կամ ամուսինը զանգում ասում են՝ թթվասեր բեր, մարդը հետը խոշորացույց չպիտի ունենա, որ նայի, թե թթվասերն ինչ բաղադրություն ունի»,- ասել էր նա:

«Մարիաննա կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ երբ լինի հստակ որոշում, կմտածեն, թե ինչ են անելու: «Մարիաննա»-ի որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը նկատեց՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս այլ դիզայն անել, բայց եթե ՀՀ կառավարությունը նման պահանջ սահմանի, ստիպված են տնտեսվարողները հարմարվել:

«Փոփոխությունը եւ՛ ժամանակատար է, եւ՛ ծախսատար: Միայն տառը չի փոխվում, փոխվում է տարան ամբողջովին: Այդ տուփերը մենք ինքներս չենք պատրաստում, օրինակ մերը պատվիրում ենք: Կարծում եմ՝ դա նաեւ ժամանակատար է տարաներ արտադրող ընկերությունների համար: Ամեն մի գույն փոխելը, մակնշում փոխելը (շաբլոնը) բավականին թանկարժեք է: Մեր ընկերությունը բավականին լայն տեսականի ունի, պատկերացրեք այդքանը փոխելն ինչ մեծ ռեսուրսներ ու ժամանակ կպահանջի»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ տուփի մակնշում փոփոխելը հազարավոր դոլարների ծախս է պահանջում: Միաժամանակ շեշտեց, որ իրենց մոտ տարայի փոփոխությունով որակի տարանջատում չի լինելու, քանի որ կոնկրետ մեկ տեսակի թթվասեր են արտադրում՝ առանց բուսական յուղի օգտագործման: «Այնպես, որ, եթե պահանջ դրվի, կփոխվի միայն տարան, իսկ որակը մեզ մոտ կմնա նույնը»,- եզրափակեց փոխտնօրենը:

Քրիստինա Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է տուփերի փոփոխությունը ինչ-որ կերպ անդրադառնա կաթնամթերքի վաճառքի ծավալների վրա: Վերջինս դա բացառեց ասելով. «Սպառողը դրան էլ կսովորի, կարեւորը որակն է»:

«Աշտարակ կաթ» ընկերությունից «Հայկական ժամանակին» պատասխանեցին, որ դա մեկ օրում արվող գործընթաց չէ: Ասացին՝ առայժմ միայն լսել են վարչապետի հայտարարությունը, իսկ այդ մասին կարծիք հայտնել չցանկացան:

«Անի» կաթնամթերքի արտադրության պետ Տիգրան Շալջյանն էլ համոզմունք հայտնեց, որ այդ փոփոխությամբ սպառողն ավելի հեշտ կտարանջատի կանթամթերքի առաջարկվող տեսականին: «Մեկ-մեկ մտնում ենք սուպերմարկետ, կաթնամթերքի բաժինը կարծես գրադարան լինի, իսկ այդ փոփոխությամբ մարդիկ ավելի հեշտ կտարանջատեն»,- ասաց նա: Արտադրության պետը նաեւ նկատեց, որ եթե լինի Կառավարության որոշում, իրենց ընկերությունը խնդիր չի ունենա, քանի որ պատահականության սկզբունքով «Անի»-ի տարաները հենց սպիտակ են:

«Մեր մթերքն այսօրվա դրությամբ լրիվ համապատասխանում է վարչապետի ասածին: Մեր մաքուր թթվասերների տուփերը սպիտակ են, անվանումը՝ սեւով գրած: Ունենք նաեւ կաթնային յուղի փոխարեն այլ յուղով թթվասեր, որի տարան բաց կապույտ է»,- ասաց նա: Տիգրան Շալջյանը նկատեց, որ պատահականության սկզբունքով է համընկել իրենց տարաները ՀՀ վարչապետի արած հայտարարության հետ: «Արդեն 10 տարի է՝ շուկայում ենք, վերջին փոփոխությամբ է այդպես դարձել»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, «Անի» կաթնամթերքի արտադրության պետն էլ այն կարծիքը հայտնեց, որ տնտեսվարողներին պետք է բավականաչափ ժամանակ տրվի, որպեսզի հասցնեն մակնշումները փոխել: Պետք է, ըստ նրա, անցումային ինչ-որ շրջան լինի, որպեսզի ոչ տնտեսվարողները տուժեն, ոչ տարաներ արտադրող ընկերությունները:

 Տպել

11139 դիտում

 

(Visited 96 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS