Ռոբերտ Քոչարյանին հնարավոր չէ դատել քոչարյանական այլանդակված դատական համակարգով ու քոչարյանական արդարադատությամբ

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործի ճակատագրին, նկատեց, որ իսկապես վտանգներ կան և այդ վտանգները կապված են դատաիրավական համակարգում առկա ներկայիս խնդիրների հետ։

«Ռոբերտ Քոչարյանին հնարավոր չէ դատել քոչարյանական դատական համակարգով ու քոչարյանական արդարադատությամբ։ Դա աբսուրդ է։ Դատաիրավական համակարգում բարեփոխումների ձգձգումը բերում է այն վիճակին, որ իսկապես կարելի է ահազանգել, որ Մարտի 1-ի գործը վտանգված է։ Ներկայումս ժողովրդավարական երկրին հարիր դատական համակարգ մենք չունենք։

Մեր դատական համակարգը մի համակարգ է, որը այլանդակվել, փոշիացվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ։ Եվ պատկերացնել, թե Ռոբերտ Քոչարյանին կարելի է դատել իր այլանդակած դատաիրավական համակարգի պայմաններում, ծիծաղելի է։ Նման պարագայում մենք ունենալու ենք այն խնդիրները, ինչ որ այսօր արդեն պատկերավոր կանգնած են մեր առաջ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծել արմատական, կտրուկ բարեփոխումների գնալու միջոցով։

Նրա խոսքերով՝ այդ բարեփոխումների ճանապարհին Դատական օրենսգրքի նախագիծը արդեն ներկայացվել է Ազգային ժողովին, սակայն դրան ծանոթանալուց հետո հասկանալի է դառնում, որ սպասվող փոփոխությունները բացարձակ բավարար չեն։ «Եթե Դատական օրենսգրքում, որը դատական իշխանությունը կարգավորող կարևորագույն օրենսդրությունն է, կոսմետիկ կարգավորումներ են առաջարկվում և որևէ ռեֆորմ այդ մեծ փաթեթում չկա, դա նշանակում է, որ մենք որևէ ձևով չենք մոտենում մեր երազած արդարադատությանը»,-նկատեց Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը՝ հանգո՞ւմ ենք այն հետևությանը, որ նախ պետք էր դատաիրավական համակարգը կարգի բերել ու նոր սկսել Մարտի 1-ի ու մյուս կարևորագույն գործերի քննությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քանի դեռ մենք դատաիրավական համակարգում կտրուկ քայլեր, ռեֆորմներ չենք արել, մենք չենք կարող 20 տարի շարունակ կատարված ապօրինություններին իրավական լուծումներ տալ։ Այդ նույն գործող համակարգը անընդհատ դիմադրելու է։

Այդ համակարգը ոչ միայն դիմադրելու է, այլև այդ համակարգը իմպոտենտ է, քանի որ, եթե դու ուզում ես այդ համակարգի հիմնադիրներին կամ այդ ամբողջ քաղաքական բանդային պատասխանատվության կանչել»։

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS