ՍԱՏՄ-ն արձագանքել է նրբերշիկից երեխայի թունավորման վերաբերյալ ահազանգին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել.

«Մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, և ինքը շտապ օգնություն է կանչել: Նա ցույց է տվել նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ բորբոսնած սարդելկաները, որից, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն, ճշտել հանգամանքները, տանն առկա սարդելկայից վերցրել նմուշներ:

ՍԱՏՄ աշխատակիցները եղել են նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղում: Պարզվել է, որ քաղաքացու գնած «Մոյա Սեմյա» ապրանքանիշի սարդելկաները, և ընդհանարպես ողջ մսամթերքը, պահվում են սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, քաղաքացու նշած 2018-ը ապրանքի տեխնիկական պայմանի հաստատման տարեթիվն է, առկա խմբաքանակը ժամկետանց չէ:

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն  այսօր այցելել են նաև հիվանդանոց տեղափոխված երեխային, որի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Երեխայի ինքնազգացողության վատացման պատճառների մասին հայտնի կլինի մի քանի օր անց:

Քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշներն այսօր տրվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»:

Նյութի աղբյուրը mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS