Սարսափելի շանտաժի բացահայտում .«Իրենք ստացականի մեջ գրել են, որ ստացել են 40 միլիոն դրամ, և որ վնասը հատուցված է»

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ 2018 թվականի ամռանը մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար։ Այս գործի շրջանակներում նա նաև մեղադրվում էր շորթման համար:

«Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար:

Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաև Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է՝ սպառնալիքների ներքո:

Ներկայումս կարճվել է միայն շորթման մասով գործը հանցակազմի բացակայության պատճառով։ Սուսաննա Արիստակեսյանի խոսքերով՝ Վաչագան Ղազարյանին առաջադրված մնացած մեղադրանքները ևս առաջիկայում հերթով կկարճվեն, քանի որ նա առ այսօր էլ մեծ ազդեցություն ունի իրավապահ մարմիններում և շարունակում է պատվերներ իջեցնել իրավապահներին, որոնք, ի դեպ, հնազանդվում են ու կատարում են այդ պատվերները։

«Իմ մասով գործը ևս ի սկզբանե եղել է պատվեր, քննվել է քաղաքային վարչությունում, տարիուկես հետո գործը տեղափոխվել է ՀՔԾ, ՀՔԾ-ում գործը ութ ամիս մնալուց հետո նորից տեղափոխվել է քաղաքային վարչություն, երկու ամիս էլ այնտեղ մնալուց հետո գործը տեղափոխվել է հատուկ կարևորագույն գործերի քննության վարչություն: Երեք տարի է՝ մենք գտնվում ենք քննչական տարբեր մարմինների ձեռքին՝ որպես խաղալիք, քանի որ գործը ի սկզբանե եղել է պատվեր, և այս գործում շատ-շատ քննչական մարմիններ են թաթախված: Գործը գցեցին իրար վրա, հետո ՀՔԾ-ում որոշեցին տուժողի մասով գործը կարճել:

Մինչդեռ ես պնդում եմ, որ բոլոր բավարար հիմքերը կային հենց այդ դրվագով Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատասխանատվության ենթարկելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Արիստակեսյանը՝ հավելելով. «Ես իմ տուն ու տեղը վաճառեցի և, որպես փրկագին, տվել եմ Վաչոյին ու նրա կնոջը, որպեսզի ազատվեմ կալանավայրից: Դա իմ փրկագինն էր: Իրենք ստացականի մեջ գրել են, որ ստացել են 40 միլիոն դրամ, և որ վնասը հատուցված է:

Եվ սա այն պարագայում, որ մինչև հիմա քրեական գործի որևէ դրվագով ապացուցված չէ վնասը, թե իրենց ինչ վնաս էր հատուցվել: Մինչև հիմա գործը գտնվում է փորձաքննության մեջ և ապացուցված չէ իմ կողմից իրենց առաջացված վնասը: Ես բազմաթիվ հարցեր եմ առաջադրել իրենց, թե ես այդ ինչ վնաս եմ հասցրել իրենց, և այդ 40 միլիոն դրամը ինչպես է գոյացել:

Ես ուղղակի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում չհայտնվելու համար վաճառել եմ իմ ունեցածը և 40 միլիոն դրամը տարել տվել եմ Վաչոյի կնոջը՝ Ռուզաննային, իսկ նա քննչական մարմիններին գրել է, որ վնասը հատուցված է: Մինչդեռ Ջոն Ֆարխոյանը, որպես քննչական մարմին, գումարը չի դեպոզիտացրել, որ այսօր ես նման պատմության միջից դուրս գայի:

Սա ապացուցում է, որ քննչական մարմինների ու Վաչոյի միջև լուրջ կապ կա, վեցերորդ վարչությունից սկսած մինչև ՀՔԾ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS