<<Առողջ տղամարդ ես, գնա աշխատիր>>. Վարչապետ Փաշինյանը բախվել է դառը իրականությանը

Առողջ տղամարդ ես, գնա աշխատիր, քո տան հարցը, քո հացի հարցը լուծիր, պատասխանել է վարչապետ Փաշինյանը Լոռու մազում իրեն մոտեցած քաղաքացիներից մեկին:

Երիտասարդ տղամարդը մոտեցել եւ դժգոհել է, որ Կուրթան գյուղից է, ապրում է վագոն տնակում: Նիկոլ Փաշինյանը տվել է բավականին չոր պատասխան, ներողություն խնդրելով եւ ասելով, որ մի քիչ էլ արժանապատվության հարց է, երբ մի առողջ տղամարդը մոտենում է մյուսին եւ ասում, որ իր տան հարցը լուծի: Ես էլ տուն չեմ ունեցել, աշխատել եմ 24 ժամ եւ չեմ ասում պալատներ, բայց Երրորդ մասում մի երեք սենյականոց բնակարանի հարց եմ լուծել, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է նաեւ, որ կառավարությունն իրականացնում է ենթակառուցվածքային եւ այլ մի շարք ծրագրեր, մարդկանց աշխատանքի միջավայր ձեւավորելու համար: Վարչապետ Փաշինյանը բախվել է դառը իրականությանը, Հայաստանի խորքային խնդիրներից մեկին, եւ իհարկե ամենեւին ոչ առաջին անգամ: Այդ առիթով էր նաեւ, որ նա հայտարարեց, որ աղքատությունը մարդկանց գլխում է:

Այն դարձավ բազմաթիվ շահարկումների առարկա, թերեւս նաեւ այն պատճառով, որ արտացոլում էր Հայաստանի իրողությունների բուն առանցքը, ընդ որում արտացոլում էր համակողմանի: Եվ մարդկանց գլխում աղաքատությունը տեղավորելու հարցում իրենց մեծ լուման են ունեցել թե ժամանակի իշխող համակարգը, թե ժամանակի «ընդդիմադիր» համակարգերը:

Հայաստանում թավշյա հեղափոխությունն այդ իմաստով նմանվեց աստառը պատառոտված վերարկուի «շրջվելուն»: Արտաքնապես Հայաստանի խնդիրը լոկ գողացող իշխանությունն էր, հեղափոխությունը «շրջեց աստառն» ու պարզ դարձավ, որ խնդիրը շատ ավելի խորն է եւ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանում գլխավոր կամ առանցքային գողությունը եղել է ոչ թե նյութական, այլ բարոյահոգեբանական, եւ երկուստեք՝ մարդկանցից գողացել են թե իշխանությունը, թե ընդդիմությունները՝ ամեն մեկն ունենալով գողության իրենց պատճառը:

Գողացել են ստեղծելու, ստեղծագործելու կամքը եւ նպատակադրումը: Իշխանության եկած վարչապետ Փաշինյանն արձանագրում է, որ դադարեցնելով, առնվազն չեզոքացնելով համակարգային ճակատային գողությունը, իշխանությունն այդուհանդերձ էլ ավելի է կանգնում տասնամյակով կատարված բարոյահոգեբանական գողության իրողության առաջ:

Ու մեծ հաշվով պարզվում է, որ նյութական գողոնի վերադարձի բարդագույն հարցը լուծելն առավել դյուրին է, քան լուծել հանրության նկատմամբ տարիներ շարունակ քաղաքական ճամարտակությամբ կատարված բարոյահոգեբանական կողոպուտի հարցը:
Դեմ դիմաց կանգնած երկու առողջ տղամարդ փաստացի կանգնած են այդ հարցի առաջ:

Որովհետեւ առողջությունը բացարձակապես լոկ ֆիզիկական կատեգորիա չէ, ըստ այդմ հնարավոր չէ հարցի լուծումը գտնել ֆիզիոլոգիական հղումներով պահանջների մեջ: Իրավիճակը լուրջ հակադրության դաշտում է, որտեղ թե կառավարությանը ներկայացվող պահանջն է թվում անտրամաբանական, անարդյունավետ, ապակառուցողական, թե քաղաքացուն ուղղված՝ պահանջ չներկայացնելու կառավարության պահանջը:

Այստեղ պահանջվում է պայմանավորվածության հաղորդակցային համակարգ, որը սեղծված չէ, եւ այն պետք է «աշխատի ու ստեղծի» կառավարությունը: Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ երկար ժամանակ արդյունավետ փոխարինել այդ համակարգը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS