Ամեն գնով Արցախում ընտրություններ անցկացնելն ուղղակի աններելի է. Հակոբ Հակոբյան

Պետք է դադարեցնել այս ողջ ընտրական գործընթացը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանը:

«Պետք է դադարեցնել այս ողջ ընտրական գործընթացը, որովհետեւ կարծում ենք, որ մարդը գերագույն արժեք է եւ յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն պետք է ստորադասվի այդ մարդուն: Այսինքն ընտրությունները անում ենք մարդու համար, այլ ոչ թե մարդը պետք է ընտրության մասնակցելու համար: Սակայն իշխանությունները չլսեցին մեր այս կոչը եւ ամեն կերպ ընտրություններ անցկացնելը դիտեցին որպես նպատակ եւ մարտի 31-ին ընտրությունների առաջին փուլ անցկացրեցին:

Ողջ աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարում է մինչեւ դրա հայտնաբերվելը, որովհետեւ երբ արդեն հիվանդները հայտնաբերվում են այդ պայքարի արդյունավետությունը նվազում է, որը եղավ մեզ մոտ: Ապրիլի 2-ին մենք ունեցանք մի դեպք, իսկ այժմ ունենք 6 դեպք»,- ասաց նա:
Հակոբյանի կարծիքով` երեկ հայտարարված արտակարգ իրավիճակով ամեն ինչն արվում է, որ ընտրությունները չչեղարկվեն:

«Մենք կոչ արեցինք Ազգային ժողովի պատգամավորներին, որ իրենց գնահատականը տան այս հակասական հրամանագրին: Եւ կարծում ենք, որ ամեն գնով անցկացնել ընտրություն, վտանգելով հասարակության առողջությունը դա ուղղակի աններելի է եւ չի կարելի, ինչքան էլ, որ մենք ուզենանք պահպանել անվտանգության կանոնները: Եւ մարտի 31-ին այդ անվտանգության կանոնները պահելով, մենք տեսանք, որ չկարողացանք խուսափել կորոնավիրուսի տարածումից»,- ասաց նա:

Նրա խոսքով` սահմանադրորեն կարող էին ընտրությունները հետաձգվել, եւ այդտեղ քաղաքական իշխանության կողմից ձեւակերպման խնդիր է առաջանում:
«Եթե իրենք դա մեկնաբանում են Սահմանադրական ճգնաժամ, դա մի բան է, բայց կարող էին այլ ձեւակերպում էլ գտնեին: Եւ արտակարգ իրավիճակի ժամանակ ընտրությունների հետաձգումը կործանիչ չի, բայց կորոնավիրուսի դեմ չպայքարելը, կամ մարդկային կուտակումներ ստեղծելը կարող է հղի լինել վտանգներով»,-ասաց նա:

Անդրադառնալով երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, որ տարեցները չմասնակացեն ընտրություններին, ելնելով նրանց անվտանգությունից, Հակոբյանն ասաց, որ տարբեր կոչեր կարող են հնչել, սակայն դա իրավիճակը չի փոխում:

«Կարելի է կոչ անել, որ տարեցները չգնան ընտրության, հղիները չգնան ընտրության եւ ընդհանրապես կոչ անել, որ միայն նրանք գնան ընտրության, ովքեր ուզում են Արայիկ Հարությունյանին ընտրել: Կարծում եմ, որ դա անտրամաբանական կոչ է»,- հավելեց նա:

Նշենք, որ այս վերջին տվյալներով Արցախում կա կորոնավիրուսի հաստատված 6 դեպք: Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել մինչեւ մայիսի 12-ը:

Նյութի աղբյուրը՝ News.am

(Visited 39 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS